Ցնորք

-Հե՜յ, օրիորդ, եկ բախտդ ասեմ:
Պառավ գնչուհու ձայնը գալիս էր դիմացի վրանից: Ներս մտա: Մի տեսակ վախվխելով էի քայլերս դնում: Կինը գեր էր: Հայցքում վայրի մի բան կար: Քիթն ասես բազեի կտուց լիներ…
-Դե նստի՛ր, նստի՛ր:
Նստեցի: Աջ ձեռքս պարզեցի առաջ:
-Խիրոմանտիա, հա՞: Կարծեմ էդպես էր կոչվում:
Կինը սկսեց խենթ հռհռալ:
-Բաժա՛կը տուր:
-Ի՞նչ բաժակ:
-Սուրճի: Կողքդ է դրված:
-Բայց… բայց իմը չէ: Ես չեմ խմել: Չեմ խմում սուրճ ընդհանրապես:
-Հիմար բաներ ես խոսում: Ի՞նչ կարևոր է՝ ումն է: Նույն մրուրը չէ՞ հատակին:
Տվեցի: Մի քանի վայրկյան մտազբաղ հայացքով ձեռքերում պտտում էր բաժակը:
-Ասածներիս չես հավատալու, չէ՞: Ինչո՞ւ եկար:
-Իմանալու… չգիտեմ…
-Հըմմ, պարզ է:
-Ի՞նչ: Ի՞նչն է պարզ:
-Տե՛ս,- թեքում է բաժակն ու մատով օդում օղակներ է գծում,- տե՛ս, կիսաշրջան: Մի բան մեջդ կիսվել է, դատարկվել: Ճի՞շտ եմ:
Գլխով եմ անում:
-Ուղիղ գիծ, հետո ոլորվում է, հետո էլի ուղիղ է գնում: Դժվար է լինելու: Ընտրության հարց է: Թե ճիշտ անես, լավ կլինի: Էլ ոչինչ չեմ ասի: Գնա:
-Գնա՞մ: Բայց…
-Բայց ի՞նչ: Ապագա՞դ ես ուզում իմանալ: Չէ, դու էն մարդկանցից չես, որ ուզում են իմանալ: Հետո էլ հիշիր, կարևորն ընտրությունն է: Հիմա գնա՛, ուշ է:

Ներքին ձայն, հա՞

Լուսինը հանկարծ ալ կարմիր դարձավ,
Արյունով ներկվեց կապույտ երկնքում,
Հարևան բակում ինչ-որ շուն ոռնաց-
Վաղորդյան ցողն էր լռիկ արտասվում:

Լուսինը ասես ճչալ էր ուզում,
Ուզում էր գոռալ, որ մեկն էլ չկա…
Խեղճ շունը գիտեր գաղտնիքը նրա
Ու ոչ մի գնով էլ չէր հանդարտվում:

Իսկ հետո ելավ արևը ոսկի,
Ապրե՜լ, հուշեցին շողերը նրա,
Վարսերով ծածկեց շառագույն լուսնին-
Կյանքի խորհուրդ կար երկնքում հիմա:

Արփին էր արդեն ուրախ ծիծաղում,
Ու չէր մնացել հետքն անգամ լուսնի,
Բայց կողքի բակում տխուր ու վայրի
Խելագար շունն էր լռիկ կաղկանձում…

Follow

Get every new post delivered to your Inbox.